Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ, ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

25.08.2026

 Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի հերթական՝ ընդլայնված նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նիստին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզի իրավապահ մարմինների, ուժային կառույցների ղեկավարները։
Օրակարգային հարցերին անցնելուց առաջ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ողջունել և ներկաներին է ներկայացրել մարզում գործունեություն սկսող նոր նշանակված պաշտոնյաներին, որոնք ղեկավարում են տարբեր պետական կառույցների մարզային ստորաբաժանումները։ Մարզպետը հաջողություն է մաղթել նրանց Սյունիքում աշխատանքի ընթացքում ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է նաև մարզի դատախազ Մասիս Պողոսյանին՝ կատարված աշխատանքների ամփոփմամբ Սյունիքի մարզի դատախազության՝ հանրապետությունում 2-րդ անգամ անընդմեջ առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ։
Այնուհետեև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է նիստի օրակարգային կետերը, և ներկաներն անցել են դրանց քննարկմանը։
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մարինե Աբգարյանը։
Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի համար մարզի համայնքների բյուջեներով նախատեսված 2 մլրդ 510 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել է 2 մլրդ 252 մլն դրամ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24,4 տոկոս աճ։
Հինգ հիմնական հարկատեսակների և վճարների գծով սեփական եկամուտների հավաքման ցուցանիշը կազմել է նախատեսվածի 82,1 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 27 տոկոս աճ։
Այս համատեքստում համայնքների ղեկավարներին առաջարկվել է ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքման արդյունավետության բարձրացմանը։
Առանձնահատուկ շեշտվել է նաև Գորիս, Տաթև և Տեղ համայնքներում աշնանը նախատեսվող խոշորացման գործընթացի նախաշեմին սեփական եկամուտների հավաքման, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Ֆինանսական վարչությունը պատրաստակամություն է հայտնել համայնքներին ցուցաբերելու մեթոդական և կազմակերպական աջակցություն։
Կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը մարզում ներկայացրել է մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։
Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականին Սյունիքի մարզում իրականացվել կամ ներկայումս իրականացվում է 31 սուբվենցիոն ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 8,173 մլրդ դրամ է, իսկ պետական մասնաբաժինը՝ 58,3 տոկոս։
2026 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել ևս 9 ծրագիր, որոնց իրականացման համար համայնքներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Կ․ Բալյանն անդրադարձել է նաև պետության կողմից 100 տոկոս ֆինանսավորմամբ իրականացվող հրատապ ծրագրերին։ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ մարզի համայնքներում իրականացվում է 13 ծրագիր՝ 1,5 մլրդ դրամը գերազանցող ընդհանուր բյուջեով։ Սրանք հիմնականում մանկապարտեզների ու դեպի դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգումներ են։
Գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկուցել է մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանը։
Նա ներկայացրել է պետական աջակցության ծրագրով Մեղրիում թզի մթերման հետ կապված ճգնաժամի հաղթահարման ներկա վիճակը։ Մեղրիում մարզպետի աշխատակազմի կողմից ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է մշտադիտարկել թզի մթերման ողջ գործընթացը։ Այս պահի դրությամբ վերամշակման նպատակով արդեն մթերվել է 10 տոննայից ավելի թուզ. գործընթացում ներգրավված են 6-ից ավելի մթերող իրավաբանական անձինք։ Կա պայմանավորվածություն, որ նրանք մթերելու են այնքան, ինչքան առաջարկ լինի։ Պետական աջակցության ծրագրի շրջանակում վերամշակման նպատակով մթերվող թզի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսված է 125 դրամ օժանդակություն։ Մթերման գործընթացն այս պահին շարունակվում է, և նախորդ շրջանում առկա դժգոհությունների հետ կապված իրավիճակը, զեկուցողի գնահատմամբ, կարգավորվել է։
Միաժամանակ նշվել է, որ ընթացիկ տարին աչքի է ընկնում բարձր բերքատվությամբ, որն իր հերթին ավելացրել է գյուղմթերքի իրացման և մթերման կազմակերպման հարցերի կարևորությունը։ </div>
		</div>
		<p><a href=← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-28 17:04:08