Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2026

 Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ և ծնողներ 

Սեպտեմբերի 1-ը մեզ կրկին հիշեցնում է, որ սովորելը երբեք չի ավարտվում, և յուրաքանչյուր նոր ուսումնական տարի զարգացման ու նոր գիտելիք ձեռք բերելու հնարավորություն է։

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ միայն փաստեր անգիր անելն այլևս բավարար չէ։ Մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումների հիմքում այն տրամաբանությունն է, որ երեխային պետք է պատրաստել ոչ միայն հերթական քննությանը, այլև այն կյանքին, որն այսօր դեռ ամբողջությամբ չենք կարող կանխատեսել։

Դպրոցը պետք է սովորեցնի չվախենալ բարդ խնդիրներից, տարբերակել տեղեկությունը փաստից, վերլուծել գիտելիքն ու ինքնուրույն որոշումներ կայացնել։

Այս նպատակին են ծառայում նաև Սյունիքում կառուցվող և հիմնանորոգվող դպրոցները։ Դրանք պարզապես շենքեր ու ենթակառուցվածքներ չեն, այլ այն միջավայրը, որտեղ պետք է ձևավորվի վաղվա քննադատական միտքը։ Մեր նպատակն է, որ մարզի դպրոցներում սովորելու համար անհրաժեշտ պայմանները շարունակաբար բարելավվեն, իսկ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա ստանալու որակյալ կրթություն՝ անկախ նրանից, թե Սյունիքի որ բնակավայրում է ապրում։

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ ու շնորհակալություն հայտնում մեր մարզի դպրոցներում ձեր բարդ, կարևոր և անչափ պատասխանատու աշխատանքի ու նվիրվածության համար, որի իրական արդյունքը երբեմն երևում է միայն տարիներ անց՝ ձեր աշակերտների հաջողությունների մեջ։ Անսպառ ուժ ու համբերատարություն եմ մաղթում ձեզ։

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսումնառության տարիները սեփական ուժերը բացահայտելու ամենաճիշտ ժամանակն են։ Թո՛ղ այս ուսումնական տարին ձեզ համար չսահմանափակվի միայն դասերով ու գնահատականներով։ Փնտրե՛ք գիտելիք դասագրքերից դուրս, հետաքրքրվե՛ք նոր տեխնոլոգիաներով, և մի՛ կորցրեք ամենօրյա կապը ձեր համայնքի ու Սյունիքի կյանքի հետ։ Հատուկ շնորհավորանքս՝ մեր առաջին դասարանցիներին. եղե՛ք համարձակ ձեր նոր միջավայրում և երբեք մի՛ դադարեք զարմանալ ու հարցեր տալ:

Սիրելի՛ ծնողներ, Սեպտեմբերի 1-ը նաև ձեր տոնն է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Երեխայի հաջողության համար դպրոցի աշխատանքի հետ մեկտեղ հավասարապես կարևոր են ընտանիքի վստահությունն ու աջակցությունը: Եղե՛ք ձեր զավակների կողքին այս կարևոր ճանապարհին:

Բոլորիդ խաղաղ ու ստեղծարար ուսումնական տարի եմ մաղթում։ Խաղաղ միջավայրն այն կարևոր պայմանն է, որը երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս կենտրոնանալու ուսումնառության, ինքնազարգացման և ապագայի ծրագրերի վրա՝ առանց ներկայի համար անորոշության ու անհանգստության։

Բարի՛ մեկնարկ և հաջողություններով լի ուսումնական տարի՝ Սյունիքի բոլոր կրթական հաստատություններին, ուսուցիչներին և սովորողներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-01 09:56:37