Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ԱԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները
17.09.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են ԱԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները։
—————————————————————————————
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության Վիեննայի գլխավոր գրասենյակի նախագծերի ղեկավարներ Պետրա Օպերբերգերի, Սյուզան Թիարդ-Լաֆորետի և «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» ծրագրի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի շրջանակում ավարտված, ընթացիկ աշխատանքների արդյունքները և քննարկվել դրա հետագա ընդլայնման հնարավորությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը, ինչպես նաև մասնավոր հատվածի աջակցության բաղադրիչներին՝ գյուղական արտադրանք, թեթև արդյունաբերություն և զբոսաշրջություն։
R2D Syunik ծրագրի շրջանակում 2026 թ․ դրությամբ իրականացված և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը 22-ն են՝ 763,1 մլն դրամ արժողությամբ։ Դրանք հիմանականում ուղղված էին ջրամատակարարման և ոռոգման, արևային էներգետիկայի, փողոցային լուսավորության, կոյուղու և համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը։
Մասնավոր հատվածի զարգացման բաղադրիչի շրջանակներում տեղական բիզնեսները ստացել են ոչ միայն սարքավորումային աջակցություն, այլև հնարավորություն՝ մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերին և ցուցահանդեսներին։ Դրա շնորհիվ Սյունիքի մի շարք տնտեսվարողներ արդեն սկսել են իրենց ապրանքների արտահանումը միջազգային շուկա։
«Սյունիքում առաջընթացն ու փոփոխությունները նկատելի են, և մենք ցանկանում ենք, որ զարգացման հնարավորությունները ավելի լայն շրջանակի հասանելի դառնան», - նշել է նախագծի ղեկավարը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր շնորհակալությունն է հայտնել ԱԶԳ-ի գործընկերներին և ծրագրերի ներկայացուցիչներին՝ Սյունիքում շարունակական ներդրումների համար։ Նա բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ծրագրերը տալիս են իրական, շոշափելի արդյունքներ և էականորեն նպաստում մարզի տնտեսական աշխուժացմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։
R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։


