Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.09.2026
Սիրելի՛ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։
Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքն արտահայտելու, մեր անցած ճանապարհը գնահատելու և ունեցածի նկատմամբ պատասխանատվությունը ևս մեկ անգամ գիտակցելու առիթ է։
Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը․ այդ իրադարձությունը հայ ժողովրդի պատմական երկար ճանապարհի, ազգային ձգտումների, ազատ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող երկիր ունենալու հավաքական կամքի արդյունքն էր։ Ուստի անկախությունը մեզ համար պարզապես պատմական փաստ չէ․ այն մեր ամենակարևոր ձեռքբերումներից է։
Մեր անցած ուղին սովորեցնում է, որ անկախ երկիր ունենալը պատմական բացառիկ արժեք է, որը պետք է գնահատել ոչ միայն հպարտությամբ, այլև խոր գիտակցությամբ ու այն ամրապնդելու անսասան վճռականությամբ։
Անկախությունը նշանակում է հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու մեր երկրի ներկան ու ապագան, ձևավորելու պետական առաջնահերթությունները, զարգացնելու պետական ինստիտուտները, պահպանելու և հարստացնելու մեր լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը։
Այն նշանակում է նաև սեփական որոշումների համար պատասխանատվություն կրել։ Ինքնիշխան պետությունն իր ժողովրդի կամքով և իր ժողովրդի համար է կառուցում ապագան։
Մենք այս ամենին պետք է վերաբերվենք այն գիտակցությամբ, որ անկախությունը ոչ թե մեկ անգամ նվաճված և ավարտված իրողություն է, այլ մի արժեք, որն իր ամրությունն ստանում է յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա աշխատանքով։ Ամուր պետությունը սկսվում է նաև լավ աշխատող համայնքից, որակյալ կրթությունից, զարգացող տնտեսությունից, պահպանվող բնությունից, օրենքի նկատմամբ հարգանքից և հանրային կյանքում իր բաժին պատասխանատվությունը գիտակցող քաղաքացուց։ Հայրենիքի հանդեպ սերը դրսևորվում է սեփական գործը բարեխղճորեն կատարելով, բնակավայրի նկատմամբ հոգատար լինելով, կրթվելով, ստեղծելով, պահպանելով և անտարբեր չլինելով այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է մեր երկրին։
Այս 35-ամյա պատմության մեջ իր կարևոր տեղն ունի նաև Սյունիքը։ Սյունեցիների տոկունությունը, արժանապատվությունը, աշխատասիրությունն ու ներուժը Հայաստանի անկախության տարիների ուղու անբաժանելի մասն են։ Անցած ճանապարհի յուրաքանչյուր հանգրվանում սյունեցին եղել է պետականության կերտման ակտիվ մասնակիցը։
Այսօր մեր առաջ բացվում է խաղաղության պայմաններում երկրի զարգացումն ավելի հետևողականորեն ապահովելու հնարավորություն։ Խաղաղությունն այն հիմնարար միջավայրն է, որի շնորհիվ կարելի է ավելի ամուր պետականություն կառուցել և սեփական երկրում վստահությամբ երկարաժամկետ ապագա ծրագրել։
Այս նվիրական տոնի առթիվ մաղթում եմ, որ մեր երկրի անկախությունը լինի անսասան ու հարատև, խաղաղությունը՝ կայուն, Սյունիքի համայնքները՝ շարունակաբար զարգացող, ապահով ու բարեկեցիկ։
Թո՛ղ յուրաքանչյուրիս աշխատանքն ու պատասխանատվությունը նպաստեն առավել ծաղկուն Հայաստանի կերտմանը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհավո՛ր տոնդ, մեր անկա՛խ հայրենիք։


