Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները
23.09.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները։
Հանդիպումը համանախագահել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Քննարկմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ (Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Շվեդիա), միջազգային կազմակերպությունների և «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ հետևողական աշխատանքի կարևորությունը մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման գործում.
«Մեր համատեղ ջանքերն ու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերների հետ իրականացվող ծրագրերը հնարավորություն են տալիս լուծել մարզի ու համայնքների առջև ծառացած խնդիրները։ Այս հանդիպումները լավագույն հարթակն են արձանագրված արդյունքները ներկայացնելու և տարածաշրջանի զարգացման քաղաքականությունն առավել արդյունավետ ծրագրելու համար»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին բարձր է գնահատել ամենամյա դարձած այս ամփոփումը և նախաձեռնության շրջանակում գրանցված առաջընթացը.
«Այս հանդիպումները դարձել են կարևոր ու արդյունավետ ավանդույթ, որի շնորհիվ մենք հաշվետու ենք լինում մեր գործընկերներին՝ ինչպես մարզային ու տեղական իշխանություններին, այնպես էլ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպայի» գործընկեր կազմակերպություններին։ Համահավաք ջանքերով մենք տարեցտարի տեսանելի առաջընթաց ունենք. եթե մեր նախաձեռնության սկզբնական բյուջեն ավելի քիչ էր, այժմ այն հասել է մոտ 258 միլիոն եվրոյի, որը թույլ է տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի ծավալն ու աշխարհագրությունը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանն իր ելույթում ներկայացրել է նախաձեռնության շրջանակներում արձանագրված ամփոփ տվյալներն ու հիմնական ցուցանիշները։ Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում մշտադիտարկվում է 16 տարբեր ցուցանիշ՝ ընդգրկելով զբաղվածության, բիզնեսի, կրթության, սոցիալական ու առողջապահական ծառայությունների և ենթակառուցվածքների ոլորտները։
«2025 թվականի ընթացքում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցությամբ Սյունիքում ստեղծվել է 88 աշխատատեղ, հիմնվել է 52 նոր բիզնես կամ սթարթափ, իսկ 136 փոքր ու միջին ձեռնարկություն ստացել է բիզնես աջակցություն։ Բացի դրանից, կարողությունների զարգացման և մասնագիտական ու ոչ ֆորմալ կրթության ոլորտում աջակցություն է ստացել 1239 շահառու»։
Արդեն ավարտված ծրագրերի մասին մանրամասներ են հայտնել նաև դրանք իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները։
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը այսօրվա քննարկման ընթացքում ներկայացրել է վերջին տարիներին մարզում իրականացված ծրագրերը՝ անդրադառնալով ինչպես պետական բյուջեի, այնպես էլ տեղական ու միջազգային դոնորների աջակցությամբ կատարված աշխատանքներին։ Նա նաև անդրադարձել է այն ոլորտներին և ուղղություններին, որտեղ դեռևս անելիքներ կան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնության շրջանակում նախատեսվող առաջիկա ծրագրերն ու զարգացման առաջնահերթությունները։
Եվրոպացի գործընկերներն ու դեսպանները բարձր են գնահատել Սյունիքում իրականացված համատեղ աշխատանքների ընթացքն ու արդյունքները՝ ընդգծելով մարզի կայուն զարգացմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։






