Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ <<ՄԵՂՐԻՆ՝ԱՊՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ>> ԾՐԱԳԻՐԸ
02.11.2026
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մեղրին՝ ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։
Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ և հյուրեր։
Միջոցառմանը Հայկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` ներկաներին փոխանցելով մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը։
«Այսօր ավարտվում է կարևոր մշակութային նախաձեռնության պաշտոնական փուլը, բայց Մեղրիում այս տարվա ընթացքում ձևավորված կապերն ու ձեռք բերված փորձը չեն ավարտվում այս արարողությամբ։ Դրանց արժեքը հենց այն շարունակության մեջ է, որը կարող է ծնվել կայացած հանդիպումներից, համատեղ ծրագրերից և միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորությունից», — նշված էր մարզպետի ուղերձում։
Ելույթ է ունեցել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ կարևորելով ծրագրի դերը տարածաշրջանի մշակութային կյանքի աշխուժացման և միջպետական մշակութային կապերի ամրապնդման գործում։
Արարողության ընթացքում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը Մեղրիից հանդիսավոր կերպով փոխանցվել է Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին։
Միջոցառումն ամփոփվել է ԱՊՀ երկրների ազգային երգի ու նվագարանների տոնական համերգով։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը հռչակվել էր 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
Ծրագրի ընթացքում երեք տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվել Մեղրի համայնքում, այդ թվում՝ ծառատունկ, «Տարազ ֆեստ», Համագործակցության երկրների կինոփառատոն, ժողովրդական արհեստների և պարի, Երևանյան գրքի արտագնա փառատոններ։ Այս միջոցառումները տարբեր էին իրենց բովանդակությամբ, բայց միավորվում էին մի կարևոր գաղափարի շուրջ՝ միմյանց մշակույթը ճանաչելու, ներկայացնելու և փոխադարձ ջերմ կապեր հիմնելու հնարավորության։






