Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2026

 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղական ինքնակառավարման ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ և գործընկերներ

Այսօր նշում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների օրը և մեր երկրում այս ինստիտուտի կազմավորման 30-ամյակը։ Շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքապետարանների աշխատակազմերին, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի և պետական այլ կառույցների բոլոր այն մասնագետներին, որոնց ամենօրյա գործունեությունն ուղղված է մեր բնակավայրերի առաջընթացի ապահովմանը։
Ստեղծումից ի վեր համայնքային կառավարումն անցել է կայացման, կառուցվածքային փոփոխությունների և բարեփոխումների տարբեր փուլերով՝ դառնալով պետական կառավարման ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչ։ Այս երեք տասնամյակը նաև հնարավորություն է գնահատելու անցած ճանապարհը և գիտակցելու, թե որքան մեծ է տեղական իշխանության դերը սեփական բնակավայրին առնչվող հարցերի լուծմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու գործում։
Միաժամանակ արձանագրենք, որ համայնքային կառավարումը երբեք ավարտուն գործընթաց չէ. այն պահանջում է շարունակական կատարելագործում, ժամանակի մարտահրավերներին համարժեք լուծումներ և հանրային անսասան վստահություն։
Ընտրությունների միջոցով քաղաքացիներն իրացնում են սեփական համայնքի իշխանություն ձևավորելու իրենց իրավունքը, սակայն բնակչի մասնակցությունը քվեարկության օրով չի սահմանափակվում։ Համայնքը զարգանում է այնտեղ, որտեղ քաղաքացին ներգրավվում է հանրային քննարկումներում, բարձրաձայնում է խնդիրները, ներկայացնում առաջարկներ և սրտացավ է ընդունվող որոշումների նկատմամբ։
Սյունիքի բնակավայրերի տարբերվող պայմաններն ու կարիքները պահանջում են նպատակային մոտեցում, տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշումներ և առկա ներուժի արդյունավետ օգտագործում։ Այս համատեքստում կարևոր փոփոխություն էր 2026 թվականին իրականացված վարչատարածքային վերակազմավորումը․ նախկին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է ընդլայնված Գորիս համայնքը։ Խոշորացումը սոսկ վարչական սահմանների վերագծում չէ, այլ կառավարման կարողություններն ու ռեսուրսները մեկտեղելու, խնդիրներն առավել համակարգված լուծելու և բնակավայրերի համաչափ զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծելու գործիք։
Համայնքային կյանքի առաջընթացը միայն համայնքի ղեկավարի կամ ավագանու ուսերին դրված պարտականություն չէ։ Այն պահանջում է տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և բնակիչների ներդաշնակ աշխատանք։ Ծրագրերի ճիշտ համադրմամբ և լիազորությունների հստակ իրականացմամբ մենք կարող ենք ամրապնդել մեր բնակավայրերը, քանի որ Սյունիքի և ողջ երկրի կայունությունը սկսվում է կենսունակ համայնքից։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում նվիրումի և պատասխանատու աշխատանքի համար։ Բոլորիդ անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում, իմաստություն և հետևողականություն՝ համայնքային խնդիրները լուծելու գործում։
Թող ձեր նախաձեռնություններն ու նոր ծրագրերն իրականություն դառնան բնակիչների ամուր վստահության և աջակցության պայմաններում։
Խաղաղություն, բարեկեցություն և շարունակական առաջընթաց Սյունիքի բոլոր համայնքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 14:46:44