Մարզպետարան
Կառուցվածք

Մելիքսեթ Պողոսյան
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
(+374 60) 51 78 22
Կենսագրություն
Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում:
1977թ․ավարտել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում:
Այնուհետև զորակոչվել և Խորհրդային բանակում ծառայությունն անց է կացրել Հունգարիայում։
Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է Տեղ գյուղի պաշտպանությանը։
1989 թվականին միավորել է Տեղ գյուղի կամավորական ջոկատները, ստեղծել «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվել ջոկատի հրամանատար:
Մ․Պողոսյանի գլխավորությամբ «Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խնածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։
1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին:
1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը տեղի է ունենում ժողով, որի ընթացքում որոշվում է գրավել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից գնդակոծվում էին հայկական գյուղերը: Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվում է մարտի և գրավում «Թուրուսի խութը»։
Մինչեւ 1994թ․ զինադադարը եղել է «Մելիք-Բարխուդար» ջոկատի հրամանատարը, որը նրա գլխավորությամբ մասնակցել է նաև Լաչինի ազատագրմանը, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։
1994թ․ նշանակվել է ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, 1995-1996թթ․ եղել 4-րդ գումարտակի հրամանատար, 1996-2000թթ․՝ առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։
2000-2007թթ․՝ Գորիսի գնդի հրամանատար, 2007-2017թթ․ եղել է Գորիսի շրջանի զինկոմ, Սյունիքի ավագ զինկոմ, 2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։
2016թ․ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ լինելով մի քանի ջոկատների հրամանատար։
2019 թվակականից Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավարն է։
ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 8-ի 1993-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
Ունի գնդապետի կոչում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ, 5 թոռ։
Պարգևներ և մեդալներ
«Արիության համար» մեդալ, 1996 թ․
«Մարտան ծառայության մեդալ», 2000 թ․
«Արծիվ Մահապարտների միության» մեդալ, 2000 թ․
ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալ, 2000 թ․
«Մարտական գործողությունների մասնակցի» մեդալ, 2000 թ․
«Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ, 2000 թ․
Անվանական զենք (CZ76P-07) տեսակի, 2000 թ․
«1-ին աստիճանի Մարտական Խաչ» շքանշան, 2002 թ․
«Վազգեն Սարգսյան» մեդալ, 2003
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, 2003 թ․
«Անբասիր ծառայության համար» 2-ին աստիճանի մեդալ, 2004 թ․
«ՀՀ և ԼՂՀ սահմաննեերի պաշտպանության համար մղվող գործողությունների մասնակցի» մեդալ, 2006 թ․
«Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ, 2006 թ․
«Հայաստանի 5-րդ բրիգադ» հուշամեդալ, 2006 թ․
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2006 թ․
«Գարեգին Նժդեհ» մեդալ, 2008 թ․
«Հաղթանակ» մեդալ, 2008 թ․
ԼՂՀ-ի «Մարտական ծառայության» մեդալ, 2010 թ․
«Վարդան Մամիկոնյան» մեդալ, 2010 թ․
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011 թ․
«ՀՀ զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, 2011 թ․
«Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011 թ․
«Անդրանիկ Օզանյան» մեդալ, 2012 թ․
«Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2012 թ․
ԼՂՀ պաշտպպանության բանակի հուշամեդալ, 2012 թ․
Անվանական զենք որսորդական հրացան, 2012 թ․
«Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, 2013 թ․
«Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2013 թ․
«Դրաստամատ Կանայանի մեդալ», 2016 թ․
«Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2016 թ․
Գործառույթներ / իրավասություններ
Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (160-րդ հոդված, մաս 1-ին, մաս 2-րդ), «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով։
Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
· Մարզպետը`
1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.
8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետն ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի կատարած աշխատանքները ենթակա են գնահատման:
5. Մարզպետի կատարած աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը:
· Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:
Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները:
Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:
· Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`
1) ֆինանսների.
2) քաղաքաշինության.
3) տրանսպորտի և ճանապարհաշինության.
4) գյուղատնտեսության և հողօգտագործման.
5) կրթության.
6) առողջապահության.
7) սոցիալական պաշտպանության.
8) մշակույթի, սպորտի և երիտասարդության.
9) շրջակա միջավայրի պահպանության.
10) պաշտպանության.
11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
12) տնտեսության զարգացման:
Մարզպետը ֆինանսների բնագավառում`
1) սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
2) վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.
3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.
4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`
1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում:
Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`
1) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մարզպետը կրթության բնագավառում`
1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.
3) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
Մարզպետը առողջապահության բնագավառում`
1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) որոշում է մարզի տարածքում զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու հարցերը.
5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
6) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`
1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.
3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:
Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.
2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.
3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.
4) իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.
6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին:
Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում`
1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
2) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
4) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.
5) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները:
Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը:
Մարզպետին կից խորհրդակցական մարմինները |
1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:
2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: